Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն այսօր այցելել են Ձորագյուղ՝ ծանոթանալու երկու կարևոր սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքներին։
Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
«Ձորագյուղի կենտրոնական փողոցում կառուցվել են Մարտունու տարածքի պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառներ։
Ծրագրի արժեքը 8 մլն 320 հազ. դրամ է, որից 50%-ը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 50%-ը՝ համայնքը։
Նոր կանգառները ոչ միայն ապահովում են ժամանակակից հարմարություններ, այլև ներկայացնում են Մարտունու համայնքի պատմությունն ու զբոսաշրջային գրավչությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Այցի ընթացքում մարզպետը եղել է նաև խմելու ջրատարի շինհրապարակում, որտեղ ընթանում են ակտիվ աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 133 մլն 734 հազ. դրամ է, որից 75%-ը հատկացրել է կառավարությունը , 25%-ը՝ համայնքը։
Կկառուցվի 10.3 կմ երկարությամբ ներքին ցանց և 3 աղբյուրակապ «Բոռբոռ» ակունքներում։ Ծրագրի ավարտից հետո գյուղի 260 ընտանիք կունենա շուրջօրյա, որակյալ ջրամատակարարում։
Գեղարքունիքում շարունակվում է համայնքային ենթակառուցվածքների բարելավումը։