Հնդկաստանը շարունակում է նավթ գնել Ռուսաստանից, հաղորդել է հնդկական ANI գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հերքել են լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ Նյու Դելին դադարեցրել է ռուսական նավթ գնելը: Միաժամանակ հաստատել են, որ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները շարունակում են նավթ ստանալ ռուսաստանյան մատակարարներից:
ANI-ի զրուցակիցները հստակեցրել են, որ մատակարարումների վերաբերյալ որոշումները կայացվում են՝ ելնելով գնից, լոգիստիկայից, ապրանքի պաշարներից և տնտեսական այլ գործոններից:
Լրատվամիջոցի աղբյուրները հիշեցրել են, որ ռուսական նավթը երբեք պատժամիջոցների տակ չի եղել, դրա նկատմամբ գործել է միայն 60 դոլար գնի «առաստաղը», որը հնդկական կողմը պահպանել է: Նրանք հավաստիացրել են, որ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Իրանից և Վենեսուելայից նավթ չեն գնել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սահմանում է 25% սակագին հնդկական ապրանքների համար, ինչպես նաև «տուգանքներ»՝ Հնդկաստանի կողմից ռուսական նավթ և զենք գնելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ Fox News-ի հետ հարցազրույցում Հնդկաստանն անվանել է «դաշնակից» և «ռազմավարական գործընկեր», սակայն նշել է, որ Նյու Դելիի կողմից ռուսական նավթի գնումը շարունակում է մնալ «դժգոհության աղբյուր» և խոչընդոտում է ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունների զարգացումը։