Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում, որ դրա կյանքի կոչումն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար՝ «Արմենպրեսի» հետ հարցազրույցում հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը: Էսմայիլ Բաղաեին ընդգծել է՝ Իրանի համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, քանի որ Թեհրանը դա ընկալում է որպես իր սեփական խաղաղության ու անվտանգության բաղադրիչ։
«Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար»,- նշել է դիվանագետը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Բաղաեին շեշտել է՝ ցանկացած տրանսպորտային ուղի պետք է իրականացվի՝ հարգելով միջազգային ճանաչում ունեցող սահմանները և չխախտելով որևէ պետության ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։ Պաշտոնյան նշել է Իրանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները և այդ համատեքստում նորմալ համարել Հայաստանի կողմից արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը: Խոսնակը շեշտել է՝ Իրանի համար կարևոր է, որ հարևան պետությունների հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չլինեն Իրանի շահերի դեմ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: