ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների ֆոնին հրամայել է երկու միջուկային սուզանավ տեղակայել «համապատասխան տարածաշրջաններում»։ Ավելի վաղ Մեդվեդևը գրառում էր կատարել, որով հիշեցրել էր Վաշինգտոնին ռուսական միջուկային զսպման համակարգի մասին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ սուզանավերի տեղակայման հրամանը տվել է այն դեպքի համար, եթե պարզվի, որ Մեդվեդևի «սադրիչ հայտարարությունները ավելին են, քան ուղղակի խոսքեր»։ «Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի», - գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել՝ որտեղ են տեղակայվելու սուզանավերը, սակայն նշել է, որ դրանք ավելի մոտ են լինելու Ռուսաստանին: «Ամերիկացիների հասցեին սպառնալիք է հնչել: Ուստի պետք է պաշտպանենք մեր ժողովրդին: Մենք պատրաստ ենք», - հավելել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի հրապարակումից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր՝ Մոսկվան համաձայն է Սպիտակ տան դիրքորոշմանը, որ Դաշնության և Միացյալ Նահանգների միջև ուղղակի ռազմական բախում չի կարելի թույլ տալ։ Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկումներ են վարում ուկրաինական հարցի շուրջ, ինչը, ըստ դիվանագետի, արդյունքներ է տալիս:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։