ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում հողմային էներգիայի դեմ իր պայքարից: Կիրակի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա քննադատել է էներգիայի այդ տեսակն՝ այն անվանելով «խարդախություն», որը «չի աշխատում»։
Երկուշաբթի էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը կրկին քննադատել է քամու էներգիան, տուրբիններն անվանել է «տգեղ հրեշներ»: «Սա էներգիայի ամենավատ ձևն է, էներգիայի ամենաթանկ ձևը, հողմաղացները չպետք է թույլատրվեն, դրանք վնասում են վայրի բնությունը»,- ասել է Թրամփը։
Սակայն Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) վերջին զեկույցում, որը վերաբերում է վերականգնվող էներգիայի ծախսերին, ասվում է, որ ամբողջ աշխարհում քամու էներգիան այժմ 53 %-ով ավելի էժան է, քան հանածո վառելիքի ամենաէժան այլընտրանքը: Պարզվել է, որ առափնյա քամին էլեկտրաէներգիայի նոր սերնդի ամենամատչելի աղբյուրն է։
Գործակալությունը չի հաստատել նաև Թրամփի այն պնդումը, որ հողմային տուրբինները «սկսում են ժանգոտել և փտել ութ տարի անց: IRENA-ն քամու տուրբինի կյանքի միջին տևողությունը նշել է 20-25 տարի, այլ ոչ թե ութ։
ԱՄՆ նախագահն ասել է, որ «դրանք գրեթե բոլորը պատրաստվում են Չինաստանում»: Քամու էներգիայի համաշխարհային խորհրդի տվյալներով՝ աշխարհի քամու տուրբինների արտադրության հզորության մոտ 60 %-ն է գտնվում Չինաստանում։ Կան նաև նշանակալի արտադրական կենտրոններ աշխարհի այլ երկրներում, որոնց հիմնական արտադրողները գտնվում են Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Դանիայում: Ենթադրվում է, որ Եվրոպան կազմում է համաշխարհային արտադրության մոտ 19 %-ը։
Չի հաստատվել նաև Թրամփի այն պնդումը, որ քամու էներգիան «խաբեություն է» և այն ձախողվել է Գերմանիայում։ Անցյալ տարի քամու էներգիան կազմել է Գերմանիայի էլեկտրաէներգիայի արտադրության 28 տոկոսը՝ քամու ուժը դարձնելով երկրի էլեկտրաէներգիայի ամենամեծ աղբյուրը:
Չեն ընդունվել նաև ԱՄՆ նախագահի այն հավաստիացումները, թե քամու տուրբինները սպանում են թռչուններին ու ծովային կենդանիներին:
Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին կոչ է արել աջակցել Հյուսիսային ծովում նավթի և գազի հորատմանը։
Շատերը Թրամփի հողմային պատերազմի պատճառ են համարում Շոտլանդիայում նրա շքեղ Turnberry Golf Resort-ից երևացող քամու 11 տուրբինը, որոնց վերացման համար 2013 թվականին նա դատական գործընթաց էր սկսել Շոտլանդիայի իշխանությունների դեմ: Սակայն 2015 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այն մերժել է: