ԱՄՆ նախագահը ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Մոսկվայի համար նոր վերջնաժամկետ է սահմանել: Շոտլանդիայում Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ հիասթափված է իր ռուս գործընկերոջից և կրճատում է խաղաղության հասնելու համար նրան տրված 50-օրյա ժամկետը:
«Ես նոր վերջնաժամկետ կսահմանեմ՝ 10 կամ 12 օր՝ այսօրվանից սկսած», - ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ այլևս այդքան էլ հետաքրքրված չէ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմամբ: Թրամփի խոսքով՝ Պուտինը շատ հարգալից զրույցներ է վարում, իսկ հաջորդ օրը հարվածում որևէ քաղաքի: Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իսրայելը մեծ պատասխանատվություն է կրում Գազայում տիրող իրավիճակի համար: Նա չի համաձայնել Իսրայելի վարչապետի այն պնդումներին, թե Գազայում սով չկա:
Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը կավելացնի աջակցությունն անկլավին: Սթարմերն իր հերթին շեշտել է՝ հարկավոր է հասնել հրադադարի, հավելելով՝ ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ դերակատարում ունենալ Գազայի հատվածի հետագա կառավարման գործում:
Ավելի վաղ, Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարարը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է ճանաչել Պաղեստինը՝ մինչև 2029 թվականին կայանալիք ընտրությունները:
Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։