Էսքիշեհիր նահանգի Սեյիթգազի շրջանում անտառային հրդեհի ժամանակ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տասը մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Գործակալության տվյալով՝ մահացածներից հինգը տեղական անտառտնտեսության ծառայության աշխատակից էր, մյուսները՝ որոնողափրկարարական ասոցիացիայի կամավորներ։ Նրանք բոլորը կրակի մեջ են հայտնվել քամու ուղղության հանկարծակի փոփոխության պատճառով։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 14 մարդ։
Թուրքիայում ամռանը ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ հաճախակի են անտառային հրդեհները։ Մասնավորապես Կենտրոնական Անատոլիայում, ինչպես նաև Եգեյան և Միջերկրածովյան շրջաններում, երաշտի, քամու և բարձր ջերմաստիճանի պատճառով առաջացած հրդեհները սպառնում են թե՛ բնությանը, թե՛ մարդկային կյանքին։
Վերջին օրերին Թուրքիայում ջերմաստիճանը գերազանցել է +40 աստիճանը՝ հրդեհներ առաջացնելով երկրի վեց շրջանում, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները:
Նախօրեին Թուրքիայում ձերբակալվել էր երկու տասնյակից ավելի կասկածյալ՝ անտառային հրդեհների հետ կապված։