Մոլդովայում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, գրում է Euronews-ը։ «Մատրյոշկա» անունով հայտնի ռուսամետ ապատեղեկատվական արշավը ակտիվացրել է Մոլդովայում քարոզչություն տարածելու իր ջանքերը։ Ուսումնասիրության համաձայն՝ դրա նպատակն է վարկաբեկել երկրի եվրոպամետ կառավարությունը խորհրդարանի ընտրության նախաշեմին։
NewsGuard-ը հայտնել է, որ գործողության ընթացքում կեղծ պնդումներ են տարածվել այն մասին, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն յուրացրել է 24 միլիոն դոլար (20 միլիոն եվրո), և որ նա կախվածություն ունի հոգեմետ դեղամիջոցներից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ միայն մեկ քարոզարշավի շրջանակում (ընտրությունների օրը նշանակելուց հետո երեք ամսվա ընթացքում) Մոլդովայում տարածվել է 39 հորինված պատմություն, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը զրոյական էր: Քվեարկությունը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին։
«Մատրյոշկա» արշավը համակարգված ռուսամետ գործողություն է, որը փաստերի ստուգման մասնագետների շրջանում հայտնի է օրինական լրատվամիջոցների ոճով կեղծ լուրեր տարածելով։
Ավելի վաղ այն ապատեղեկատվություն էր տարածել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների և Ուկրաինայում պատերազմի մասին։ NewsGuard-ի տվյալներով՝ Մոլդովայի մասին «Մատրյոշկայի» տարածած կեղծ պատմություններն ընդունել են BBC-ի, Economist-ի, Euronews-ի և 20 այլ լրատվամիջոցների հաղորդագրությունների ձևը:
Մոսկվայի ազդեցության «Պրավդա» կոչվող ցանցը նույնպես նպաստել է «Մատրյոշկայի» ժողովրդականության աճին՝ օգտագործելով իր տարբեր լեզվական ծառայությունները՝ կեղծ տեսանյութերը լուսաբանելու համար:
Ընտրության մոտենալուն զուգընթաց՝ ԵՄ թեկնածու երկիր Մոլդովան շարունակում է մնալ ռուսամետ ապատեղեկատվության հիմնական թիրախը՝ արևելա-արևմտաեվրոպական ազդեցության ոլորտների միջև իր դիրքի ու եվրոպամետ և ռուսամետ խմբավորումների միջև ներքին լարվածության պատճառով, գրում է Euronews-ը։