Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանի վիճելի հատվածում բախումների հետևանքով 10-ից ավելի թաիլանդցի է զոհվել, մեծ մասը՝ քաղաքացիական անձինք: Կամբոջայից Թաիլանդի ուղղությամբ արձակվել են հրետանային արկեր և հրթիռներ, Թաիլանդն էլ գործի է դրել կործանիչ ավիացիան:
Կողմերն իրավիճակը սրելու համար մեղադրում են միմյանց: Թաիլանդի կառավարությունը փակել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը, սահմանամերձ շրջանների բնակիչներին տարհանվելու կոչ արել, փակվել է վտանգավոր գոտում գտնվող շուրջ 600 դպրոց:
Չինաստանը կողմերին կոչ է արել խնդիրները լուծել երկխոսության միջոցով, Մալայզիայի վարչապետը նույնպես հորդորել է դադարեցնել բախումները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս երկու երկրին կոչ արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունները:
Կամբոջան իր հարևանին մեղադրել է անհամաչափ ուժ կիրառելու համար և ՄԱԿ-ին կոչ արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ բախումներին վերջ դնելու համար: Կողմերի միջև վեճն ունի ավելի քան մեկդարյա պատմություն, երբ Ֆրանսիայի կողմից Կամբոջայի օկուպացիայից հետո սահմանագծում կատարվեց:
2008 թվականին լարվածությունը սրվեց, երբ Կամբոջան փորձեց վիճելի հատվածում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Տարիների ընթացքում կողմերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունեցել: Վերջին շաբաթներին սահմանի երկայնքով կողմերը զորքեր են կուտակել:
Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։