Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, խաղաղ ու բարգավաճ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Մոսկվան հարգում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հաղորդակցվելու որոշումը. դա իրենց ընտրությունն է։
«Ընդ որում՝ մենք ընդգծել ենք, որ պատրաստ ենք գործընկերներին պահանջված աջակցություն ցուցաբերել հարցերի ամբողջ սպեկտրում, այդ թվում՝ խորհրդակցությունների հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման համար։ Մենք աջակցել ենք 2024 թվականի մայիսին Ալմաթիում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների անցկացմանը, ողջունել ենք հուլիսի 10-ին Աբու Դաբիում բարձր մակարդակով երկկողմ վերջին շփումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Իսկ արևմտյան մայրաքաղաքների ուղերձները, ըստ Զախարովայի, պետք է դիտարկել այլ տեսանկյունից: Նրա խոսքով՝ Արևմուտքի նպատակը հայ-ադրբեջանական կարգավորումը տարածաշրջանային հարթությունից դուրս բերելն ու արևմտյան հարթակներ տեղափոխելն է։ Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում անվտանգության համակարգի հավասարակշռության խաթարմանը:
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին՝ Զախարովան նշել է, թե Միացյալ Նահանգները որևէ նոր բան չի կարող առաջարկել, բացի նրանից, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: