Հայաստանի BB- վարկանիշը պայմանավորված է կայուն մակրոտնտեսական քաղաքականություններով և բարձր տնտեսական աճով, որոնք իրենց հերթին նպաստել են մեկ շնչին ընկնող եկամտի աճին։ Fitch գործակալության կանխատեսմամբ՝ պետական բյուջեի դեֆիցիտը 2025 թ. կաճի մինչև ՀՆԱ-ի 5.4%, այնուհետև 2026-2027 թթ. կկազմի միջինում 4.4%։ 2025 թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5.2%, ինչին մեծապես նպաստել են ֆինանսական ծառայությունների և շինարարության ոլորտի աճերը: Վերջինս խթանվել է նաև Կառավարության կապիտալ ծախսերով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ու այլ միգրանտների ներհոսքի կարճաժամկետ ազդեցությունների թուլացմամբ և Ռուսաստանի Դաշնության հետ տարանցիկ առևտրի ծավալների կրճատմամբ պայմանավորված՝ Fitch գործակալությունը կանխատեսում է, որ տնտեսական աճը կմոտենա իր ներուժային մակարդակին՝ 2025 թ. կազմելով 5%, իսկ 2026-2027 թթ.՝ 4.7%։
Անդրադառնալով գնաճի մակարդակին՝ վարկանիշային գործակալությունը նշում է, որ 2025 թ. առաջին կիսամյակում գնաճը միջինում կազմել է տարեկան 3.3%, ինչը Կենտրոնական բանկի 3% թիրախային գնաճի շրջանակում է (±1 տոկոսային կետի տատանումով):