Իսրայելական ուժերը ցամաքային և օդային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեիր էլ-Բալահ քաղաքում, որտեղ ավելի քան 20 ամիս մարտեր չեն եղել։
Գործողությունը սկսվել է երկուշաբթի վաղ առավոտյան՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող վեց բնակելի թաղամաս բնակիչներին հրամայել են տարհանվել։ Այդ տարածքում ներկայումս բնակվում են հազարավոր փախստականներ՝ հարավային Գազայի Ռաֆահից և Խան Յունիսից։
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) խստորեն քննադատել է Իսրայելի կոչը՝ ուղղված Գազայի բնակիչներին և ներքին տեղահանված անձանց լքել Դեիր ալ-Բալահ քաղաքն ու շարժվել դեպի հարավ՝ փակ ափամերձ գոտու երկայնքով։
Գրասենյակի նախնական գնահատականներով՝ «հրամանագրի» հրապարակման պահին տարածքում եղել է 50-80 հազար մարդ, որոնցից շատերը տեղավորվել են վրանային ճամբարներում։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում առնվազն 1000 ընտանիք արդեն ստիպված է եղել փախչել մարտական գործողությունների գոտուց։
OCHA-ի աշխատակիցները մնում են Դեիր էլ-Բալահում: Նրանց տվյալներով՝ նոր մարտական գոտին ներառում է, մասնավորապես, մարդասիրական օգնության մի քանի պահեստ, չորս կլինիկա, ջրամբար և կեղտաջրերի պոմպակայան։ «Այս ենթակառուցվածքին հասցված ցանկացած վնաս կարող է կյանքին սպառնացող հետևանքներ ունենալ»,- զգուշացրել է ՄԱԿ-ի գրասենյակը։