Միասնական երթուղու հետ կապված ՏԿԵՆ-ը շարունակում է իր քաղաքականությունը: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Պետք է ասեմ, որ Կոտայքի մարզում ամբողջությամբ միասնական երթուղին ներդրվել է: Պռոշյանում և Քասախում խնդիրներ են առաջացել՝ պայմանավորված Երևանին մոտ լինելու հանգամանքով: Քանի որ նախկինում այնտեղ Երևանի քաղաքապետարանն է նաև ուղևորափոխադրում կազմակերպել, Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ուղևորափոխադրումը տեղափոխվել է Երևանի այլ բնակավայրեր և ավելի հարմարավետ է եղել քաղաքացիների համար, որովհետև մեր միջմարզային երթուղու տրամաբանությունը հետևյալն է, որ մենք Երևանում հստակ վերջնակետ ունենք, և դա հիմնականում մեր ավտոկայաններն են լինում, իսկ Երևանի տրանսպորտը քաղաքում անցնում է, և ավելի հարմարավետ է լինում քաղաքացիներին: Քասախի և Պռոշյանի ժողովրդի հարցը քննարկել ենք, կարծում եմ՝ անհրաժեշտ լուծումը տվել եմ, հույս ունեմ, որ այս հարցը հանգուցալուծվել է:
Նախորդ ամսվա ընթացքում արդեն գործարկել ենք դեպի Թալինի տարածաշրջան և դեպի Ապարանի տարածաշրջան մեր միասնական երթուղին: Արագածոտնի մարզում ընթացքի մեջ է նաև դեպի Աշտարակի տարածաշրջան միասնական երթուղու գործարկումը, որն առաջիկա օրերի ընթացքում կլինի, և կարող ենք արձանագրել, որ արդեն այս տարվա ընթացքում Արագածոտնի մարզով միասնական երթուղու հարցը լուծված է, և շարունակելու ենք մյուս մարզերում»,- նշեց Խուդաթյանը: