Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը:
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ինստիտուտի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստանի և Ինստիտուտի միջև հնարավոր համագործակցության հեռանկարներին:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականը և նախապատրաստական աշխատանքների ընթացքը: