Ֆրանսիան նշել է իր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ 1789 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցած իրադարձությունը շրջադարձային է եղել Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում՝ հաղորդում է Euronews-ը։
Նշանավոր օրվա կապակցությամբ Փարիզի Ելիսեյան դաշտերում, ավանդույթի համաձայն, զորահանդես է անցկացվել: Դրան մասնակցել են մոտ 7 հազար զինվորական, ժանդարմներ ու ոստիկաններ։ Հազարավոր հանդիսատեսներ հետևել են երկնքում ֆրանսիական եռագույնով պիլոտաժային խմբի թռիչքին։
Euronews-ը հիշեցրել է, որ 2017 թվականին Հաղթական կամարի տակ զորահանդեսն այնպիսի տպավորություն է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որ ոգեշնչել է նրան այս տարվա սկզբին սեփական շքերթն անցկացնել:
Փարիզյան շքերթը բացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս տարվա տոնի պատվավոր հյուրը եղել է Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն: Փարիզը Ջակարտայի հետ ռազմավարական գործընկերություն է կնքել՝ ուժեղացնելու իր դիրքերը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Զորահանդեսին մասնակցել են ինդոնեզական զորքերը, այդ թվում՝ 200 թմբկահար։
Տոնի նախօրեին Մակրոնը հայտարարել է բանակի վերազինման և պաշտպանության համար լրացուցիչ 3,5 միլիարդ եվրո հատկացնելու մասին: Նրա խոսքով՝ երկու տարի անց Ֆրանսիայի ռազմական բյուջեն պետք է հասնի 64 միլիարդ եվրոյի։