ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ կօգտագործի իր նախագահական լիազորությունները՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի հաստատման Ուկրաինա զենքի նոր խմբաքանակ ուղարկելու համար։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Հատկացված օգնության փաթեթի ծավալը կկազմի մոտավորապես 300 միլիոն դոլար։ Այն կարող է ներառել Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռներ, HIMARS համակարգերի համար նախատեսված GMLRS արկեր և միջին հեռահարության հարձակողական հրթիռներ։
Հուլիսի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային կմատակարարի ավելի շատ զենք, հիմնականում՝ պաշտպանական։ «Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Այս պահին նրանք շատ ուժեղ հարվածներ են ստանում», - ասել էր հանրապետական նախագահը։
Reuters-ի տվյալներով՝ ներկայումս ԱՄՆ կառավարության տրամադրության տակ մնացել է Ուկրաինայի համար նախատեսված 3.86 միլիարդ դոլարի օգնություն, որը հատկացվել է Բայդենի նախաձեռնության շրջանակներում։ Դեմոկրատ նախագահը վերջին 500 միլիոն դոլարի տրանշը հաստատել է 2025 թվականի հունվարի 9-ին։