ԱՄՆ պետքարտուղարը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել են Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում: 50 րոպե տևած հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, իրավիճակը Իրանում և Սիրիայում, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ կողմերը հաստատել են կոնֆլիկտային իրադրությունների խաղաղ լուծումների, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար համագործակցության, երկու երկրի հասարակությունների միջև անարգել շփումների վերականգնման երկուստեք տրամադրվածությունը, ինչին կարող է նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը: Քննարկվել է նաև դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորումը:
Իր հերթին, Մարկո Ռուբիոն Սերգեյ Լավրովի հետ զրույցը որակել է անկեղծ և կարևոր: Նա կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը և հիասթափությունը, որ Մոսկվան ճկունություն չի ցուցաբերում ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու հարցում: ԱՄՆ պետքարտուղարը նաև չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը. այդ հարցը համակարգվում է Կոնգրեսի հետ:
Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։