Արևմտյան հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Ռուսաստանն ակտիվացնում է քիմիական զենքի կիրառումը Ուկրաինայում: Այդ մասին հայտնել է DW-ն:
«Ռուսական զորքերի կողմից արցունքաբեր գազի և քլորոպիկրինի կիրառումը դարձել է ստանդարտ պրակտիկա և լայնորեն տարածված է»,- ասվում է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) և նիդերլանդական երկու հատուկ ծառայությունների՝ MIVD ռազմական հետախուզության և aivd հետախուզության և անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 4-ին:
Երեք հետախուզական գործակալությունների հայտարարությունում նշվում է, որ բարձր խտացված քլորոպիկրինը կարող է մահացու լինել փակ տարածքում, և դրա կիրառումը Քիմիական զենքի մասին կոնվենցիայի լուրջ խախտում է, որն անվերապահորեն արգելում է այս թոքային թույնի օգտագործումը: Արցունքաբեր գազի կիրառումը նույնպես այս կոնվենցիայի խախտում է:
Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում Ռուսաստանն արդեն ավելի քան 9000 անգամ քիմիական նյութեր է օգտագործել ուկրաինական զորքերի դեմ:
Անուղղակիորեն, Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը շատ ավելի մեծ զոհերի է հանգեցնում, քանի որ այն ստիպում է ուկրաինացի զինվորներին լքել թաքստոցները, որից հետո նրանք ենթարկվում են գնդակոծության սովորական զինամթերքով ու զոհվում: