Հետաքրքիր է, որ պետական ստրատեգիկ նշանակություն ունեցող օբյեկտները և խաղամոլությունը ձեզ համար նույն սանդղակի վրա են դրված: Մի քիչ տարբերակեք, էլի, ստրատեգիկ նշանակությունն ու, ենթադրենք, Երևանի պատմամշակութային շենքերը, որոնք լրիվ ուրիշ նշանակություն ունեն: Այդ մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ ՀԷՑ-ին վերաբերող քննադատություններին՝ Սիմոնյանը նշեց՝ գործարար Սամվել Կարապետյանն ասել է՝ թքած ունի ՀԷՑ-ի վրա:
«Ես հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ, միգուցե ոչ այստեղ նստած մարդիկ, ակնկալիք ունեն, ասում են՝ դե, Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կգնան-կասեն՝ մենք եկել-այդտեղ կանգնել էինք, մի երկու կոպեկ փող տուր, էս ինչ հարցին օգնի... Չի լինելու տենց: Ընկերներ, ամոթ է, դա բոլորը հասկանում են»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Կարապետյանը բարեգործություն է անում, նկատեց՝ այդ ֆեոդալական մտածողությունը հայ ժողովրդի մոտ էլ չի անցնում՝ դա մարդիկ հասկանում են:
Դիմելով Արծվիկ Մինասյանին՝ Սիմոնյանը ասաց հետևյալը. «Եվ վերջում՝ ամենակարևորը. ասում եք՝ ով է տալու այդ փողը: Դո՛ւք եք տալու, այո՛, Սեյրան Օհանյանն է տալու, Ռոբերտ Քոչարյանն է տալու, կոպեկ առ կոպեկ հետ եք տալու և վերադարձնելու եք ՀՀ ժողովրդին: Դուք, օրինակ, բացատրելու եք հաջորդիվ նիստերի ընթացքում, թե ինչու եք պետական սեփականություն հանդիսացող մի տարածք նվիրաբերել ձեր կողքը նստող Սեյրան Օհանյանին: Ինձ մի՛ բացատրեք, դատախազությունում կբացատրեք»
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկեց և ընդունեց մի շարք նախագծեր, որոնցից մեկով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը:
Ինչպես հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանն էր հայտարարել՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի, և սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ արձանագրվեն:
Այս համատեքստում նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ: