Վայ, Աղազարյանի հույսին մնաք դուք: Լա՞վ չէին Ֆիլիպ Կիրկորովն ու Քսենյա Սոբչակը: Կիրկորով, Սոբչակ ու Իգոր Կրուտոյով չստացվեց, հիմա էլ Աղազարյանին են ուղարկել այստեղ, որ Հայաստանի դեմ սուտ մատնություն տա: Այդ մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Պաշտոնյան, որը ՀՀ Սահմանադրությամբ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, ոչ միայն իր ընտրողներին, հետևաբար և ամբողջ ՀՀ-ն, Հայաստանի դեմ սուտ մատնություն է տալիս, թե բա՝ Հայաստանը սադրում է, և օտար պետությանը խնդրում է չտրվել հայկական սադրանքներին։
Սա խայտառակություն է, ինչպես ես տեղիցս գոռացի՝ սա ամո՛թ է, սա հանցավոր գործունեություն է ՀՀ-ի դեմ, լավ է՝ գոնե դուք տենց բաներ չեք ասում, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ, ամենազազրելի մասը թողել են պարոն Աղազարյանի վրա»,- ասաց նա։
Եղոյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին, թե տեղի է ունենում քաղաքական հետապնդում, ասաց՝ Սամվել Կարապետյանը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, որքանով ինքը տեղյակ է:
«Ճիշտ հակառակը՝ իր խոսքի մեջ իր գործունեությունը հակադրել է քաղաքական գործունեությանը, ասել է՝ եթե քաղաքական գործիչների մոտ չստացվի, մենք մեր ձևերով կմասնակցենք: Այսինքն՝ քաղաքական գործունեությամբ չենք զբաղվի, կզբաղվենք այլ գործունեությամբ: Եթե մարդը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, ո՞նց կարելի է իրեն քաղաքական հետապնդման ենթարկել:
Դա տրամաբանական սխալ է, իսկ եթե զբաղվում է քաղաքական գործունեությամբ, դրա համար հազարումի ձև կա»,- ասաց պատգամավորը:
Եղոյանը, ԱԺ նախագահին դիմելով, ասաց՝ նրան խնդրում է մտածել, թե «ինչպես կարելի է վարվել նման զազրելի և ՀՀ դեմ ուղղված գործողությունների հետ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից դրսևորված:
«Պարոն Աղազարյանի մասին եմ ասում»,- ընդգծեց Եղոյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում իրավիճակը թեժացել էր այն բանից հետո, երբ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթն ավարտել էր «Ռուսական կողմին խնդրում ու կոչ եմ անում՝ չտրվել մեր սադրանքներին» նախադասությամբ:
Դրանից հետո նիստերի դահլիճում լսելի էին «Ամոթ, ամոթ» վանկարկումները: Դահլիճից լսվում էին հորդորներ, թե դա ԱԺ ներկայացուցչի խոսք չէ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդարտության կոչ էր արել Արման Եղոյանին, Հովիկ Աղազարյանին:
«Պարո՛ն Աղազարյան, լսեք, Ձեզ դուրս եմ հրավիրում դահլիճից և արգելում եմ այս նիստին Ձեր մասնակցությունը: Պարո՛ն Եղոյան, ձեզ նախազգուշացում. խնդրում եմ տեղից չբղավել:
Հասկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահերն էր ներկայացնում, քան հայաստանյան, ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաների չտրվել: Կարող եք արձագանքել ելույթներով»,- հայտարարել էր ԱԺ նախագահի տեղակալը: