Ես ձեզ վստահեցնում եմ, որ մարդիկ հիմա շատ երջանիկ են այն փաստից, որ ՀՀ ուժային մարմինների շնորհիվ կանխվել է Հայաստանի Հանրապետությունը խորը ու մեծամասշտաբ ահաբեկչության մեջ ներքաշելու գործողությունը, մարդկանց մեծ մասը շատ երջանիկ է, որ իրենց հարազատները չեն զոհվել կամայական ահաբեկչության հետևանքով: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - խմբ.) շարժման ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական պատգամավորներ՝ սկզբից մինչև վերջ: Արդյոք դա քաղաքական որոշակի պատկանելիության ցուցիչ չէ՞: Իմ ընկալմամբ՝ ցուցիչ է:
Արդյոք հիմա կա՞ ինչ-որ մեկը, որ հավատում է՝ նա ինքնուրույն է սա որոշել, չի՞ խորհրդակցել ինչ-որ մեկի հետ, չի՞ պատմել սրա մասին, ֆինանսավորում չի՞ ստացել, այդ հարցին չեմ կարող պատասխանել, թող իրավապահները պատասխանեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՔԿ նախագահը վերջերս հայտարարել է, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը օրագիր է պահել, որում նշել է, թե ով է Գալստանյանին տվել այդ հորդորը:
Ալեքսանյանի կարծիքով՝ այդ թեմայով դեռևս բացահայտումներ կլինեն, բայց այն, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները անթաքույց աջակցել են «այդ տեռորիստական խմբակին, փաստ է»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս երկու ամսով
կալանավորվել է:
Դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ շփումների։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել նրան։