«Սպուտնիկ Ադրբեջանում» հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է երկու անձ։ Բաքվի ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցներ են, որոնք գործակալության գրասենյակում աշխատել են քողարկված։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ նրանց տարածքից դուրս են բերել իրավապահ մարմինների մեքենայով։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» ձերբակալված աշխատակիցներն են Իգոր Կարտավիխը՝ պարբերականի ղեկավարը, և Եվգենի Բելոուսովը, որը նախկինում ղեկավարել է «Սպուտնիկ Մերձավոր արտերկիր» Telegram ալիքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին հայտնի դարձավ Ադրբեջանում Россия сегодня-ի ներկայացուցչության՝ «Սպուտնիկի» լուծարման մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել էր, որ մեդիառեսուրսը Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ լրագրողի համար:
Չնայած այն հանգամանքին, որ «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության Բաքվի մասնաճյուղի («Սպուտնիկ Ադրբեջան») հավատարմագրումը դադարեցվել է 2025 թվականի փետրվարին, գործակալությունն իր ամբողջ թիմով շարունակել է գործունեությունն Ադրբեջանում՝ անօրինական ֆինանսավորման հիման վրա, հաղորդել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
Ռուսաստանի աղբյուրները հայտնել են, որ Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Բաքվի «անբարյացակամ գործողությունների» և ռուս լրագրողների «անօրինական» ձերբակալման կապակցությամբ։