Իրանի իսլամական հանրապետությունը ԱՄՆ հետ բանակցությունների փուլում էր, երբ իսրայելական ռեժիմը հարձակում իրականացրեց՝ նաև բանակցությունները կանխելու նպատակով: Հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ ասուլիսում մեկնաբանելով 12-օրյա պատերազմը: Դեսպանի խոսքով՝ տարիներ շարունակ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի մասին կեղծ տեղեկատվություն տարածելուց հետո սիոնիստական ռեժիմը անցավ հարձակողական քայլերի, որին համարժեք պատասխան ստացավ: Սոբհանին վստահեցրել է՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո է, ինչը նշանակում է, որ ագրեսիայի պատճառ չկար: Իսկ ԱՄՆ-ն ներքաշվեց պատերազմի մեջ, որպեսզի Իսրայելի ռեժիմին փրկի մահից, հայտարարել է Սոբհանին: Նա խոսել է նաև հրադադարի, հետագա գործողությունների, Հայաստանի հետ անգամ պատերազմական պայմաններում նույն մակարդակում հարաբերությունների պահպանման մասին:
«Նրանք դադարեցրին իրենց հարձակումները, մենք էլ մեր պատասխան հարձակումները դադարեցրինք: Երբ որ ասում ենք՝ հրադադար, դա ենթադրում է երկխոսության, որից հետո հրադադարի նախաձեռնում։ Սակայն այսպես կարող եմ բնութագրել, որ սա հարձակումների դադարեցում էր ագրեսորի կողմից և պատասխանի դադարեցում պաշտպանվողի կողմից։ 1948 թ․ից մինչև 2025 թ․՝ մինչև Իրանի հետ պատերազմը, սիոնիստական ռեժիմը 12 պատերազմ է իրականացրել: Այդ բոլոր պատերազմների ընթացքում նա խախտել է հրադադարը։ Մենք շատ հստակ ուղերձ ենք հղել առ այն, որ Իրանը Լիբանանը չէ, Իրանը Գազայի տարածքի բաց երկնքի տակ գտնվող բանտը չէ, ցանկացած հրադադարի խախտում պատասխան կստանա։ Մենք այս պահին հակամարտության ու հարձակումների դադարի վիճակում ենք և այժմ գնահատում ենք այն վնասները և ավերածությունները, որոնք այդ ագրեսիայի հետևանքով առաջացել են: Այժմ մեր արտաքին գործերի նախարարությունում ձևավորվել է իրավաբաններից կազմված խումբ, որը գնահատում է իրավական տեսանկյունից այն բոլոր վնասները և ավերածությունները, որ առաջացել են, որպեսզի մենք այդ վնասների փոխհատուցման պահանջով դիմենք միջազգային հանրությանը։
Իսկ ինչ վերաբերվում է այդ հակամարտության ազդեցությանը, հատկապես Հայաստանի հետ մեր հարաբերություններին, պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության հետ մեր հարաբերությունը անգամ մի ակնթարթ չի դադարել, երկու երկրների միջև անգամ փոխադարձ այցերը ավելի շատ են տեղի ունեցել։ Մենք ականատես եղանք Հայաստանի Հանրապետության Կառավարության դրական դիրքորոշմանը, և Իսրայելի ռեժիմի այդ գործողությունները դատապարտվեցին նրանց կողմից։ Հայաստանի ժողովորդը իր հոգևոր աջակցությունը հայտնեց, շնորհակալություն ենք հայտնում այս օրերի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Մի խոսք կա՝ ասում են՝ միշտ ուրախության և տխրության ժամանակ է, որ կարող ես քո բարեկամին ճանաչել»,- նշել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։