Իրանի դեմ պատերազմում Իսրայելը կարողացավ հասնել «պատմական հաղթանակի», ժողովրդին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք հասանք պատմական հաղթանակի, որը սերունդները կհիշեն։ Մենք չեզոքացրինք երկու անմիջական գոյաբանական սպառնալիք՝ միջուկային ռումբերով ոչնչացման սպառնալիքն ու 20000 բալիստիկ հրթիռի վտանգը»,- ասել է նա։
Նեթանյահուն նշել է, թե Իսրայելը կարողացավ սառեցնել Իրանի միջուկային ծրագիրը, ու եթե ինչ-որ մեկը փորձի վերակենդանացնել այդ ծրագիրը, իրենք կգործեն նույն վճռականությամբ՝ նմանատիպ ցանկացած փորձ կասեցնելու համար։
«Իրանը միջուկային զենք չի ունենալու»,- ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ: ԻԻՀ-ն պատասխան հարձակում էր իրականացրել։ ԱՄՆ-ը զինված հակամարտության մեջ էր մտել դրա սրացումից 9 օր անց. հունիսի լույս 22-ի գիշերը ամերիկյան ռազմաօդային ուժերը հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում:
Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված է հասցրել Կատարում ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային: Ինչպես հայտարարել էին ԱՄՆ իշխանությունները, հարվածի հետևանքով տուժածներ չկան, էական վնաս չի հասցվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն՝ Իսրայելն ու Իրանը համաձայնել են ամբողջությամբ դադարեցնել կրակը: Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ ընդունել են ԱՄՆ-ի առաջարկը և հայտնել իրենց առջև դրված բոլոր խնդիրների կատարման մասին:
Իրանում հայտարարել են, որ հաղթանակ են տարել Իսրայելի նկատմամբ ՝ ստիպելով միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան։