Հոգևոր, ազգային ու հայրենասիրական շղարշի ներքո հանդես եկող պետականազուրկ հայրենադավները մի առաջադրանք ունեն՝ խարխլել պետության հիմքերը։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ, երբ հավուր պատշաճի կճաշակեք պետական ինստիտուտների համարժեք պատասխանը, փոխանցեք ձեր տերերին, որ ՀՀ-ում սահմանադրականությունն ու ժողովրդի իշխանությունն այլընտրանք չունեն։ Դավաճա՛ն սրիկաներ, ձեր հորինած Վասակ Սյունու ճակատագրին երանի եք տալու»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Լուրերը» ճշտել է այն անձանց անունները, որոնց նկատմամբ ՔԿ-ն ավելի վաղ միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։