Հաագայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որին ներկա են լինելու դաշինքի 32 անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև շուրջ 6000 մասնակից:
Գագաթնաժողովից առաջ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի Ուկրաինային և հիշի Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքի մասին: Նա նշել է՝ մեկ տարում Ռուսաստանը նույնքան սպառազինություն է արտադրում, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն:
Ընդ որում, հիշեցրել է Ռյուտեն, Ռուսաստանի տնտեսությունը 25 անգամ փոքր է ՆԱՏՕ-ի երկրների տնտեսությունից: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումը ժամանակ է պահանջում: Այդ ընթացքում, Ռյուտեի խոսքով, Ուկրաինան պետք է ունենա պայքարը շարունակելու համար անհրաժեշտ ամեն բան:
Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ձգտումը՝ տարածելու իր նկրտումներն իր պատասխանատվության ավանդական գոտուց դուրս, վտանգներ է պարունակում:
«Չի կարելի ռիսկեր չնկատել այն բանում, որ ՆԱՏՕ-ն դուրս է գալիս իր ավանդական պարտականություններից՝ փորձելով ամրապնդվել Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Արկտիկայում»,- նշել է նա: