1991-2025-ին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ տեսնում են դրական հնարավորություն նախկինների, նաև ներկաների հետ փոխկապակվցած մարդկանց բացահայտելու համար:
«Որ մենք լյուստրացիա անենք, բավականին շատ բան կարող ենք բացահայտել, բայց հնարավոր է՝ ոչ ոքի չկարողանանք քրեական պատասխանատվության կանչենք: Մենք միշտ չէ, որ այստեղ ենք լինելու: Հիմա մենք այստեղ ենք, հետո կգան մյուսները, բայց այս գործընթացը պետք է անպայման տեղի ունենա»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, թե հանձնաժողով ստեղծել-չստեղծելով չէ, որ «ամեն ինչ պետք է դուրս գա ջրի երես»:
«Բացահայտ ասվեց, որ իրավական տիրույթում այդ գործընթացները կան, այս ամեն ինչն արվում է քաղաքական գնահատական տալու համար»,- հայտարարեց նա:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց՝ հանձնաժողովը գործելու է, և այս համատեքստում ընդգծեց, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
«Կուզեմ, որ երևանցիները ֆիքսեն, որ մենք ստեղծում ենք հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերը: Այդ թվում ներառված են մեր կառավարման տարիները, չնայած վստահեցնում եմ, որ մեր տարիներին այդպիսի դեպքեր չկան,- ասաց նա, ապա, խոսքն ուղղելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, հայտարարեց.- Դուք ունեիք դրան մասնակցելու հնարավորություն, բայց չեք մասնակցում ու ամեն կերպ դա փորձում եք դարձնել անիմաստ գործընթաց: Ես ուզում եմ հավաստիացնել, որ ուղիղ հակառակն է լինելու»:
Երևանի ավագանին 35 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց նախագծին:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ նախորդ 10-ամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ, օտարվել են, և հարցի հետ կապված՝ անհրաժեշտ է, որ Երևանի ավագանին դիրքորոշում հայտնի: Այս առնչությամբ մշակվել և ներկայացվել էր նախագիծ, համաձան որի՝ պետք է ստեղծվի Երևան քաղաքի ավագանու քննիչ հանձնաժողով, որի նպատակն է լինելու ուսումնասիրել 1991-ի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թ. Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների, մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացների ուսումնասիրությունը:
Հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, յուրաքանչյուր խմբակցությունից՝ 3 անդամ: Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել աշխատանքներին: