Իսրայելի և Իրանի միջև արդեն մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության ապաէսկալացման նշաններ առայժմ չկան: Կողմերը շարունակել են հարվածները նաև այս գիշեր: Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում հարվածների նոր ալիք սկսելու մասին: Պայթյուններ են լսվել Սպահանում, որտեղ գտնվում է Իրանի միջուկային հետազոտությունների խոշորագույն համալիրը: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել:
Իրանական Ղոմ քաղաքը ևս տուժել է: Բնակելի շենքին հասցված հարվածներից երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ 16-ամյա պատանի: Կան նաև վիրավորներ: Ղոմից ոչ հեռու է գտնվում Ֆորդոյի միջուկային օբյեկտը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Ղոմին հասցված հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաղեստինյան մասնաճյուղի հրամանատար Սայիդ Իզադին: Կացը նշել է, որ Իզադին ֆինանսավորել և զինել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից առաջ: Կացը հայտնել է նաև ԻՀՊԿ-ի հրամանատարներից Բենհամ Շարիյարիի սպանության մասին՝ Թեհրանի արևմուտքում նրա մեքենան թիրախավորելու միջոցով: Իրանական կողմը դեռ պաշտոնապես չի հաստատել երկու հրամանատարների սպանությունը: Իրանի առողջապահական գերատեսչությունից հայտնել են, որ իսրայելական ավիահարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 430-ի, ավելի քան 3500 մարդ վիրավորվել է: Իսրայելն ավելի վաղ հայտնել էր առնվազն 24 զոհի մասին, նոր տվյալներ չեն հաղորդվել:
Իսկ Իրանի հասցրած հարվածներից Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Հոլոն քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան: Թել Ավիվի երկնքում նույնպես աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: Իսրայելի հարավում ևս հնչել են օդային տագնապի ազդանշաններ: Իսրայելի բանակը հայտնել է գիշերը իրանական 40 անօդաչու խոցելու մասին: Ըստ ՑԱՀԱԼ-ի՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր խոցվել է իրանական 470-ից ավելի անօդաչու, ինչը կազմում է դրանց 99 տոկոսը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան