Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։ Հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Թեհրանի հրամանատարական կետին, Նաթանզի ուրանի հարստացման գործարանին։ Զոհվել են Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, մի քանի այլ հրամանատարներ և գիտնականներ։ Հարվածներ են հասցվել նաև Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին. Թեհրանի բնակելի համալիրում զոհվել են մի շարք մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է Իսրայելին, որ հարձակման հետևանքները լուրջ են լինելու։