Խուճապ սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև պատճառները կարող են տարբեր լինել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով մարզի սահմանային հատվածի գյուղերի բնակելի տների վրա ադրբեջանական կողմից վերջին շրջանում հաճախ հնչող կրակոցներին:
«Այն, որ այդ կրակոցների ձայները գիշերային ժամերին լսելի են, միանշանակ է: Նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ասաց մարզպետը:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ կրակոցների տակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, մարզպետը պատասխանեց. «Այո՛, իհարկե: Ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսվում, հատուկ գիշերային ժամերին են կրակոցներ լինում»:
Մարզպետը հերքեց նաև այն խոսակցությունները, թե կրակոցների ֆոնին մարդիկ ցանկություն են հայտնում հեռանալ գյուղերից հնարավոր վտանգի պատճառով:
«Հերքում եմ, որ մարդիկ ուզում են դուրս գալ»,- ասաց նա: