Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ երեկ Թումանյանի անվան զբոսայգում վայելել է բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
«Սիրելի՛ երևանցիներ,
Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։
Փառատոնի բացումը նշանավորվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։ Սիրով սպասում ենք ձեզ նաև այսօր՝ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը»,- գրել է Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 6-ին և 7-ին Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: