ԵՄ-ի սև ցուցակում ընդգրկված ռուս օլիգարխները ևս մեկ պարտություն են կրել պատժամիջոցների հնարավոր վերացմանը վերաբերող դատական պայքարում։ Հունիսի 5-ին Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության դատարանը հրապարակել է գլխավոր դատախազ Լայլա Մեդինայի եզրակացությունը: Նա անդրադարձել է հինգ ռուս միլիարդատիրոջ վերաքննիչ հայցերին, որոնք փորձում են վիճարկել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո իրենց սահմանափակող ցուցակներում ընդգրկելու չափանիշները։
Մեդինան առաջարկել է մերժել Դմիտրի Մազեպինի, Դմիտրի Պումպյանսկու, Վիկտոր Ռաշնիկովի, Գերման Խանի և Տիգրան Խուդավերդյանի վերաքննիչ բողոքները՝ ընդդեմ դատարանի 2023 թվականի որոշման, որը օրինական էր ճանաչել նրանց նկատմամբ անձնական պատժամիջոցները։
Նրա կարծիքով, սև ցուցակներում ընդգրկվելու չափանիշները ոչ թե պահանջում են, որ ԵՄ Խորհուրդը ապացուցի կոնկրետ անձանց կապը Ռուսաստանի կառավարության հետ կամ նրանց հնարավոր ազդեցությունը դրա վրա, այլ հիմնված են տնտեսության համապատասխան ոլորտներում գործարարների առաջատար դերի և ազդեցության վրա։