Տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի չորրորդ հեռախոսազրույցը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը որոշ մանրամասներ է հաղորդել հեռախոսազրույցի վերաբերյալ, նշել՝ այն տևել է մոտավորապես մեկ ժամ, 10 րոպե։
Զրույցն սկսվել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի քննարկումից։ Վլադիմիր Պուտինը մանրամասնորեն պատմել է Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների մասին։
ՌԴ նախագահը մանրամասնորեն կենտրոնացել է բանակցությունների բովանդակային կողմի և արդյունքների վրա, ընդգծել, որ ընդհանուր առմամբ դրանք արդյունավետ են եղել։
Զրույցի ընթացքում շոշափվել է նաև ՌԴ ռազմական օդանավակայաններին հարվածելու թեման։ Թրամփը վերահաստատել է, որ իրենք նախապես տեղեկացված չեն եղել այդ հարվածների մասին։
Երկու ղեկավարները պայմանավորվել են շարունակել ուկրաինական հարցով շփումները՝ թե բարձրագույն, թե այլ մակարդակներով և խողովակներով։
Քննարկվել են նաև մի շարք միջազգային հարցեր, որոնցից շեշտադրվել է ԱՄՆ և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ կապված իրավիճակը։ Թրամփը կարծիք է հայտնել, որ այդտեղ, հնարավոր է, անհրաժեշտ է ՌԴ օգնությունը, նա նշել է՝ շնորհակալ կլիներ, եթե ՌԴ-ն կարողանար համապատասխան կերպով աշխատել իրանական կողմի հետ։
Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքի թեման, ինչպես նաև Հնդկաստան-Պակիստան՝ ԱՄՆ նախագահի անձնական մասնակցության շնորհիվ դադարեցված ռազմական հակամարտությունը։
Ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հայտնել էր նաև ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը նշել էր, որ խոսակցությունը դրական է եղել, սակայն ոչ այնպիսին, որը կհանգեցներ անհապաղ խաղաղության։