Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հարցում համաձայնության ձեռքբերումը Թուրքիան դիտում է որպես կարևոր զարգացում կայունության ճանապարհին։ Այդ մասին Ադրբեջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, շեշտել՝ ցանկանում են, որ այս գործընթացն ամենամոտ ժամանակահատվածում ամբողջացվի։
Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումն արժեքավոր կլինի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար: Նա նշել է, որ Թուրքիան ևս աստիճանաբար և զգուշորեն անցնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով:
«Այլևս չենք ցանկանում Հարավային Կովկասում հակամարտություն տեսնել, մենք խաղաղություն և հանգստություն ենք ուզում։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Մենք նույնպես անհրաժեշտ ներդրումն ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում»,- մանրամասնել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցություններին, շեշտել Իրանի հնարավոր դերակատարումը:
«Զանգեզուրի երթուղին ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այլև նոր ինտեգրացիոն գիծ է, որը ձգվում է Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ։ Դրա բացումը կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի դրան»,- նշել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը կարծիք է հայտնել, թե այդ քայլը տնտեսական օգուտներ կբերի և կմերձեցնի տարածաշրջանի երկրներին: