ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Կանադան 61 միլիարդ դոլար կվճարի ապագա ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին միանալու համար: Միաժամանակ Թրամփը նշել է, որ այդ ծառայությունը Կանադային կարժենա «զրո դոլար», եթե երկիրը ցանկանա միանալ Միացյալ Նահանգներին որպես 51-րդ նահանգ:
Ինչպես հաղորդում է կանադական CBC մեդիա ընկերությունը, Թրամփի հայտարարությունը հրապարակվել է նույն օրը, երբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը, որը Կանադայում պետության արարողակարգային ղեկավարն է, գահակալական ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում և խոստացել է «պաշտպանել կանադացիներին և նրանց ինքնիշխան իրավունքները»:
Չառզ III-ը Կանադա է ժամանել վարչապետ Մարկ Քարնիի հրավերով: BBC-ն հիշեցնում է, որ վերջին անգամ Եղիսաբեթ II թագուհին է ելույթ ունեցել Կանադայի խորհրդարանում՝ 48 տարի առաջ:
Չառլզ III-ի գահակալության ելույթից հետո Քարնին CBC-ին ասել է, թե հույս ունի, որ Կանադան մինչև հուլիսի 1-ը կկարողանա միանալ ReArm Europe եվրոպական վերազինման ծրագրին: Պարբերականը նշում է, որ այս քայլը պետք է նվազեցնի Կանադայի կախվածությունը Միացյալ Նահանգներից զենքի և զինամթերքի մատակարարումներից: