ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է ԵՄ-ին մինչև հուլիսի 9-ը արտոնյալ ժամկետ տրամադրել մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնության համար։
Ավելի վաղ Ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ունեցել Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին մինչև հուլիսի 9-ը ժամանակ է պետք ԱՄՆ-ի հետ «լավ գործարքի հասնելու» համար։
«ԵՄ-ն և ԱՄՆ-ն ունեն աշխարհում ամենակարևոր և ամենասերտ առևտրային հարաբերությունները։ Եվրոպան պատրաստ է արագ և վճռական առաջ մղելու բանակցությունները»,- գրել է Ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։
Ուրբաթ Թրամփն առաջարկել էր հունիսի 1-ից ԵՄ ներմուծման համար 50% մաքսատուրք սահմանել։ Իսկ ավելի վաղ Վաշինգտոնը 25% մաքսատուրք էր սահմանել եվրոպական պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների ներկրման համար։ Բացի այդ, ի սկզբանե, ԵՄ երկրների համար սահմանվել էր ևս մեկ՝ հայելային, 20% մաքսատուրք։ Սակայն ապրիլի 9-ին Թրամփը 90 օրով կասեցրել է մաքսատուրքերի բարձրացումը ավելի քան 75 երկրի համար, որոնք խնդրել էին երկխոսություն այդ հարցի շուրջ։ Ենթադրվում է, որ այս ժամանակահատվածում այդ երկրները կվճարեն նվազագույնը 10% մաքսատուրք: