Հայաստանը և Սլովակիան ունեն օգտագործված միջուկային վառելիքի մասով մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող են համագործակցել: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ անդրադառնալով միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը:
Այս համատեքստում Սլովակիայի վարչապետն անդրադարձավ նաև պաշտպանական արդյունաբերության զարգացման ոլորտում փոքր երկրների կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ զենքի արտադրության մասով:
«Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել: Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել՝ որպես փոքր երկրներ: Գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, և, միևնույն ժամանակ, այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից»,- ասաց նա և միաժամանակ ընդգծեց, որ բանակին անհրաժեշտ են ոչ միայն զենք, այլև ենթակառուցվածք:
Սլովակիայի վարչապետը խոսեց նաև փորձի փոխանակման ոլորտում համագործակցության մասին, հատկապես՝ ԵՄ-ի հետ կապված փորձի, որի շրջանակում Սլովակիան կարող է ներկայացնել իր փորձը, թե որտեղ են թույլ տվել սխալներ, որտեղ են հաջողության հասել: