Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, սահմանների անխախտելիության պաշտպանության հարցում: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա, իհարկե, տարածաշրջանում կանխատեսելի, անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կարևոր գրավական է: Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին: Մենք այժմ Ադրբեջանի հետ ունենք համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ, և ինչպես նախկինում, այսօր ևս մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու և որոշելու համար:
Մեր շուրջը խաղաղ և անվտանգ միջավայր ձևավորելը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից, առաջնահերթություններից է: Մենք նաև հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություն ունենք Թուրքիայի հետ և տրամադրված ենք ամբողջապես նոր, խաղաղ, անվտանգ տարածաշրջան կառուցելու: Հայաստանն իր կողմից այդ ուղղությամբ բոլոր քայլերը անում է, և պատրաստ ենք շարունակելու: Եթե մի փոքր լայնացնենք մեր քննարկումը Հարավային Կովկասին, ապա քարտեզին ուղղված առաջին հայացքը կարող է մեզ թույլ տալ պնդելու, որ Հարավային Կովկասն առանցքային դեր կարող է ունենալ նաև Եվրոպան, Կենտրոնական Ասիան իրար կապելու, ավելի մոտ դարձնելու գործում: Այստեղ ևս մեր ծրագիրն ունենք՝ «Խաղաղության խաչմերուկը», որը ենթադրում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»,- նշեց Միրզոյանը: