ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած համաժողովի շրջանակում անդրադարձել է Հայաստան այցին։
«Ես Հայաստանում էի։ Հայկական կողմը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ձգտելով իր տարածքը, լոգիստիկ հնարավորություններն ինտեգրել ընդհանուր մայրցամաքային գործընթացներին։ Եթե խոսենք այդ մասին, ապա մենք կողմ ենք, որ բոլոր ենթակառուցվածքային նախագծերը զարգանան, որպեսզի, ինչպես մեր չինացի բարեկամներն են ասում, «ծաղկեն հազարավոր ու միլիոնավոր ծաղիկներ»։ Բայց գործնականում «Խաղաղության խաչմերուկն» իրագործելու համար պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Մենք սրտանց հաջողություն ենք մաղթում այդ հարցում։ Բառացիորեն երեկ մենք դա քննարկել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Պարզ է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս օժանդակություն ցուցաբերել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են։ Իհարկե, անհրաժեշտ է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում։ Հակամարտությունների հաղթահարումն ու դրանց հետևանքով տրանսպորտային ու տնտեսական կապերի վրա դրված սահմանափակումների վերացումը նկատելիորեն կբարձրացնի այս տարածաշրջանի և ողջ մայրցամաքի մրցունակությունը»,- նշել է նա։