Կանադայում կայացած G7 երկրների ֆինանսական բլոկի գագաթնաժողովում Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն ԵՄ երկրներին առաջարկել է 2026 թվականից մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորմանը։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Կիևն առաջարկում է Ուկրաինայի զինված ուժերն ինտեգրել եվրոպական պաշտպանական համակարգին, հայտարարել է ուկրաինացի նախարարը։ Նա նշել է, որ դա թույլ կտա, Ուկրաինային պահպանել ֆինանսական կայունությունը 2026 թվականին և դրանից հետո։ «ԵՄ-ն կկարողանա պաշտպանվել Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից, քանի որ ուկրաինական բանակն ունի դրա համար անհրաժեշտ փորձը», -նշել է Մարչենկոն։
Նախարարը նաև գրել է, որ գործընկերներից ստացել է «հստակ ազդանշաններ» այն մասին, որ Ուկրաինային աջակցությունը շարունակվելու է։
Գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել կանադական Բանֆ հանգստավայրում՝ Կալգարիի մոտ, G7-ի ֆինանսների նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ սպառնալով Մոսկվային ավելի խիստ պատժամիջոցներով, եթե այն շարունակի հրաժարվել հրադադարից Ուկրաինայում։
G7-ը նաև հայտարարել է, որ «ցանկացած կազմակերպություն, որը կաջակցի Ռուսաստանին հակամարտության ընթացքում», կբացառվի Ուկրաինայի վերականգնման պայմանագրերից։