Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն չունի դա անելու ցանկություն: Ըստ նրա՝ նման ցանկության բացակայության պատճառն Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվան է, որն արգելում է միջուկային զենքը: Մայիսի 23-ին Հռոմում ԱՄՆ-ի հետ նախատեսված միջուկային հիմնախնդրի հարցով բանակցության հինգերորդ փուլին ընդառաջ՝ Արաղչին Իրանի ազգային հեռուստատեսության եթերում ընդգծել է, որ Թեհրանը չի զիջելու իր միջուկային իրավունքները: Նրա խոսքով՝ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը դեռևս «մեռած չէ», բայց այն նաև «չի կարող վերականգնվել»: Ըստ Արաղչիի՝ համաձայնագրի վերականգնումն Իրանին օգուտ չի տա։
«Մեր միջուկային ծրագիրը, այդ թվում՝ ուրանի հարստացումը, պետք է շարունակվի: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք վստահության կառուցման և թափանցիկության միջոցներ ձեռնարկել և համաձայնել ավելի լայն մշտադիտարկման, քանի որ վստահ ենք մեր ծրագրի խաղաղ բնույթի հարցում»,- ասել է նա:
Արաղչին նաև նշել է, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ սպառնալով գործարկել 2015 թվականի միջուկային համաձայնագրում ներառված հատուկ մեխանիզմը, որով նրանք կարող են վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։
«Եվրոպան ոչ մի դերակատարում չունի մեր և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններում…. Եթե Եվրոպան ցանկանում է դերակատարում ունենալ, ապա պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական և առճակատման քաղաքականությունից»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա եվրոպացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել չգործարկել հատուկ մեխանիզմը, քանի որ դա ճգնաժամի մեջ կդնի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։
Արաղչին ասել է, թե մայիսի 23-ին պարզ կլինի՝ «արդյոք մյուս կողմը պատրա՞ստ է վերանայելու իր դիրքորոշումները»։ Իրանի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ մայիսի 22-ին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ իրանական միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի սպառնալիքների մասին։
«Ես հստակ նշել եմ, որ մենք պատրաստ ենք վճռական պատասխանի, և եթե սպառնալիքները շարունակվեն, ապա ստիպված կլինենք հատուկ միջոցներ ձեռնարկել մեր օբյեկտները պաշտպանելու համար»,- հայտարարել է Արաղչին։
Մանրամասները՝ տեսանյութում: