Ապրիլի 26-ին Կուրսկի մարզն Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողությունից ամբողջությամբ ազատագրելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ այցելել է տարածաշրջան: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աշխատանքային այցի ընթացքում Պուտինը հանդիպել է «կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների» և Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ, այցելել է կառուցվող Կուրսկի ԱԷԿ-2։ Կրեմլն ուղևորության վերաբերյալ այլ մանրամասներ չի տրամադրել։
Պուտինի վերջին այցը Կուրսկի մարզ տեղի է ունեցել մարտին, հիշեցնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Այդ ժամանակ ռուսական զորքերն իրենց հսկողության տակ էին վերցրել Սուջա քաղաքը։