Եվրամիությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել իսրայելցի զինծառայողներին՝ մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ կրակելու համար, որոնք այցելել էին Արևմտյան ափ՝ Ջենինում պաղեստինցի փախստականների ճամբար: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, զինվորներն ինտենսիվ կրակ են բացել Ջենին ժամանած դիվանագիտական պատվիրակության և խմբին ուղեկցող լրագրողների վրա, որոնց նպատակն էր ծանոթանալ այնտեղ պաղեստինցիների կենսապայմաններին։ Գործակալության տվյալներով՝ պատվիրակության կազմում էին դիվանագետներ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Մարոկկոյից, ինչպես նաև ԵՄ-ից։
Իսրայելական կողմի վարկածի համաձայն՝ պատվիրակությունը շեղվել է իր երթուղուց և մտել տարածք, որտեղ մուտքն արգելված է, ինչի պատճառով զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել։