Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում հանդիպումներից և միլիարդավոր դոլարների գործարքներից հետո մեկնել է Կատար: Հատկանշական է, որ մերձավորարևելյան այս շրջագայությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփի առաջին աշխատանքային այցն է արտերկիր, ինչն ամերիկյան ԶԼՄ-ներն արդեն պատմական են որակում:
Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին բովանդակալից է որակել Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները, տեղեկացրել, որ բացի երկկողմ հարցերից՝ քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նա հույս է հայտնել, որ Կատարի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի։ ԱՄՆ նախագահի խոսքով էլ՝ ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական հակամարտությանը և Իրանին:
Դոհայում կողմերը համագործակցության հռչակագիր և մի շարք համաձայնագրեր են ստորագրել: Պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր է կնքվել: Բացի դրանից՝ Սպիտակ տունը հայտնել է, որ Qatar Airways-ը «ռեկորդային» ավելի քան 200 միլիարդ դոլարի Boeing-ի 160 ինքնաթիռի պատվեր է տվել, Կատարը նաև MQ-9B անօդաչու թռչող սարքեր ձեռք կբերի։
Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ ստորագրված համաձայնագրերը ենթադրում են առնվազն 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական փոխանակումներ, իսկ կնքված գործարքների ծավալը գերազանցում է 243 միլիարդ դոլարը։