Կրեմլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը ռազմավարական գործընկերության հետագա խորացման վերաբերյալ: Համատեղ հայտարարություն է ընդունվել նաև գլոբալ ռազմավարական կայունության վերաբերյալ։
Ընդհանուր առմամբ՝ բանակցությունների ավարտին Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները 26 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղութ են ստորագրել:
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները բանակցություններից հետո հանդես են եկել հայտարարություններով:
«Ռուսաստանը և Չինաստանը միասին, հետևողականորեն հանդես են գալիս մեծ հաղթանակի մասին պատմական ճշմարտության պահպանման օգտին՝ որպես մարդկության համար ընդհանուր արժեք, միասին դիմակայում են պատմության կեղծման և նացիզմի ու միլիտարիզմի վերականգնման փորձերին: Մեր ընդհանուր հերոսական անցյալը, մարտական եղբայրությունը հուսալի հիմք են ռուս-չինական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար։ Եվ այդ հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Սին էլ նշել է, որ Մոսկվան ու Պեկինը պետք է ամրապնդեն քաղաքական փոխվստահությունը և ակտիվացնեն ռազմավարական փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ միջազգային անհանգիստ իրավիճակը չի ազդում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների վրա:
«Մենք պարոն նախագահի հետ հանգամանալից, բարեկամական, շատ արդյունավետ բանակցություններ ենք վարել և մի շարք նոր կարևոր պայմանավորվածությունների ենք հասել»,- ասել է Չինաստանի նախագահը, հավելել՝ Ռուսաստանն այն երկիրն է, որն ինքը ամենաշատն է այցելել ՉԺՀ նախագահի պաշտոնում: