ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքին և նավահանգստին՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Տեղեկություններ կան, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Ըստ իսրայելական կողմի՝ թիրախում են եղել հութիների օբյեկտները: ՑԱՀԱԼ-ից նշել են, որ սա պատասխանն է Անսար Ալլահ շարժման կողմից Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծությանը:
Հութիներն էլ բողոքում են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ապրիլի 26-ից ի վեր գրեթե ամեն օր հարվածներ են հասցնում Ռաս Իսա նավթային նավահանգստին՝ թույլ չտալով վերականգնման աշխատանքներ իրականացնել:
Հիշեցնենք՝ Վաշինգտոնը մեղադրում է հութիներին Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական և այլ երկրների նավերը, ինքնաթիռները հրթիռակոծելու և ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու համար: Հութիներն էլ նախազգուշացնում են՝ կանգ չեն առնի, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում և սպանում պաղեստինցիներին: