Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Ռասա Յուկնևիչյենեն, ելույթ ունենալով, Լիտվայի պատվիրակության անունից կոչ է արել կողմ քվեարկել «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևին, որը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները:
«Դարեր շարունակ Ռուսաստանի հետ կապված լինելուց հետո Հայաստանը փորձում է գտնել իր ուղին դեպի Եվրոպա։ Որոշ ուժեր մանիպուլացնում են այն նարատիվը, թե Եվրոպայում ոչ ոք հայերին չի սպասում։ Նրանք ասում են, որ Եվրոպական ինտեգրման օրենքի քննարկումից հետո Եվրամիությունից ոչ մի աջակցության ուղերձ չեն ստացել։ Մենք՝ ԵԺԿ-ն, ասում ենք, որ դա այդպես չէ։ Հայաստանը Եվրոպա է, և մենք ձեր կարիքն ունենք՝ վրացիների և Հարավային Կովկասի մյուս ժողովուրդների հետ միասին։ Քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ճանաչած Եվրոպայի ամենահին պետությունը՝ Հայաստանը, վերադառնում է իր արմատներին։ Ցեղասպանություն վերապրած, իր տարածքի ու ժողովրդի մեծ մասը կորցրած այս ազգը ցանկանում է խաղաղ ապրել և հայտարարում է, որ Եվրոպան իրենց տունն է։ Մենք՝ ԵՄ-ն, պետք է ընդունենք հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցենք համագործակցության ամուր կամուրջներ։ Սա ոչ միայն հնարավորություն է Հայաստանի, այլև ամբողջ Սևծովյան տարածաշրջանի և մեզ՝ ԵՄ-ի համար»,- նշել է նա։