ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի շատ մոտ ապագայում, և եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ ԱՄՆ-ն այս հարցի վերաբերյալ որոշում կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում։
«Դա պետք է արագ տեղի ունենա։ Մենք չենք կարող շարունակել ժամանակ և ռեսուրսներ հատկացնել դրան, եթե արդյունք չլինի»,- կիրակի NBC-ի «Հանդիպում մամուլի հետ» հաղորդման ընթացքում ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Այս շաբաթ հրադադարի համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել է, որ «ունի իր սեփական վերջնաժամկետը», բայց չի նշել, թե դա երբ կլինի։ «Մենք վերջնաժամկետ ունենք։ Դրանից հետո կունենանք բոլորովին այլ մոտեցում»,- ասել է ԱՄՆ նախագահը Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Մամուլի տվյալներով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել է խաղաղության ծրագիր, որի համաձայն՝ առաջնագիծը սառեցվում է, Կիևը կորցնում է ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարը, իսկ Վաշինգտոնը իրավաբանորեն ճանաչում է Ղրիմի միացումը Ռուսաստանին և Մոսկվայի փաստացի վերահսկողությունը գրաված ուկրաինական տարածքների նկատմամբ։ Դրա դիմաց Ուկրաինան պետք է ստանա որոշակի անվտանգության երաշխիքներ, չնայած փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։
Լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ՝ ի պատասխան Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցներն առաջարկել են ծրագրի իրենց տարբերակը, որում նախատեսվոի, է ամրապնդել Կիևի համար երաշխիքները և Ուկրաինան վերականգնել սառեցված ռուսական ակտիվների հաշվին:
Դեռևս որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այս առաջարկներին, չնայած ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ նախագահ Պուտինը առաջարկել է հրաժարվել ուկրաինական զորքերի դուրսբերման պահանջից Զապորոժիեի, Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այն շրջաններից, որոնք Մոսկվան չի վերահսկում, բայց համարում է իրենը։