Պեկինը դեռևս խորհրդակցություններ կամ բանակցություններ չի վարել ամերիկյան կողմի հետ մաքսատուրքերի հարցի շուրջ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ծյակունը։ Այդ մասին գրում է Global Times-ը։ ԱԳՆ խոսնակը հավելել է՝ «ԱՄՆ-ն չպետք է մոլորեցնի հանրությանը»։
Ապրիլի 24-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պեկինը, որը հրաժարվել էր գործարքի շուրջ բանակցություններից՝ ԱՄՆ-ից պահանջելով վերացնել միակողմանի մաքսատուրքերը, այսօր իր վարչակազմի հետ բանակցություններ է վարում առևտրային հարցերի շուրջ։
«Նրանք հանդիպել են այսօր առավոտյան։ Ամերիկյան կողմից բանակցությունների մասնակիցների անունները կհայտարարվեն ավելի ուշ»,- ասել է Թրամփը։
Bloomberg-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Չինաստանի կառավարությունը քննարկում է որոշ ամերիկյան ապրանքների համար 125 տոկոս մաքսատուրքերի չեղարկման հարցը։
«Չինաստանի իշխանությունները քննարկում են բժշկական սարքավորումների և որոշ արդյունաբերական քիմիական նյութերի, օրինակ՝ էթանի համար լրացուցիչ մաքսատուրքերը վերացնելու հնարավորությունը»,- հայտնել են գործակալության աղբյուրները։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Պեկինը, հավանաբար, պատրաստվում է վերացնել լրացուցիչ մաքսատուրքերը կիսահաղորդչային ապրանքների առնվազն ութ կատեգորիայի համար։ Bloomberg-ի տվյալներով՝ կողմերը քննարկում են նաև Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից ինքնաթիռների վարձակալության տուրքերի վերացման հարցը։
Չինաստանը դիտարկում է զիջումները՝ որպես պատասխան ամերիկյան կողմի վերջերս ձեռնարկած նմանատիպ քայլերին։ Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն էլեկտրոնիկան բացառել է Չինաստանից ներմուծման 145% մաքսատուրքի ենթակա ապրանքների ցանկից։ Այսպիսով, Միացյալ Նահանգները չինական նոութբուքերը, կոշտ սկավառակները, պրոցեսորները, հիշողության չիպերը և հարթ էկրանները ազատել է մաքսատուրքերից։ Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ չինական ապրանքների մաքսատուրքերը կարող են կրճատվել մինչև 50-65%։