Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պնդում է, որ Ուկրաինան պետք է կարողանա ինքնուրույն որոշել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկներին։
Ուկրաինական կարգավորման հարցով պատասխան առաջարկով Եվրոպան և Ուկրաինան առաջարկում են բանակցություններ վարել տարածքային հարցերի շուրջ՝ սկսելով շփման գծի սահմանումից: Տարածքային հարցերն էլ պետք է քննարկվեն և լուծվեն լիակատար և անվերապահ հրադադարից հետո՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին:
The Daily Telegraph-ը նշում է, որ նոր փաստաթղթի հիմքում ընկած է «համառ պահանջը», որ Ռուսաստանին միացված Ղրիմը պաշտոնապես չճանաչվի որպես ռուսական։
Հակաառաջարկում Եվրոպան և Ուկրաինան պահանջում են նաև, որ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ուժերի տեղակայման, զինման և գործողությունների վերաբերյալ սահմանափակումներ չլինեն, ինչպես նաև Կիևը որևէ սահմանափակում չունենա իր զինված ուժերի նկատմամբ:
Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների պատրաստած համաձայնագրի նախագիծը նախատեսում է Կիևին տրամադրել անվտանգության ամուր երաշխիքներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի նման պարտավորություններ:
Ըստ Reuters-ի՝ ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմին է փոխանցվել Եվրոպայի և Ուկրաինայի մշակած փաստաթուղթը: